Հայաստան-Իրան ճանապարհի քանդված հատվածը շուտով կվերանորոգվի. ՏԿԵՆ

Շինուհայր-Տաթև ճանապարհը. Արխիվային լուսանկար
Մինչ այդ պետք է որոշվի մրցույթի հաղթողն ու նրա հետ պայմանագիր կնքվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Իրան-Հայաստան մայրուղու Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածի վերանորոգման մրցույթն արդեն հայտարարվել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Այս տարվա հունիսին գերատեսչությունից մեզ տեղեկացրել էին, որ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար պատվիրվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր։
«Սյունիքում Շինուհայր-Տաթև ճանապարհի վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն այն բանից հետո, երբ հայտնի կդառնա հաղթող շինարարական ընկերությունը և կկնքվի պայմանագիրը», - հայտնել են նախարարությունից։
Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականի նոյեմբերին Sputnik Արմենիան գրել էր, որ ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում: Այն ժամանակ մեր հարցմանն ի պատասխան նախարարությունից հայտնել էին, որ ճանապարհը կվերանորոգվի 2023 թվականին։
Օրերս ճանապարհի անմխիթար վիճակին ուշադրություն դարձրեց նաև «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա սոցցանցում գրել էր, որ Սյունիքում ճանապարհները կարևոր են թե՛ ռազմական, թե՛ տնտեսական տեսանկյունից։
Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կբացվի 2024 թվականի սկզբին. Շանին
Նշենք, որ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհը փակելուց հետո Հայաստանը Իրանին կապող միակ ճանապարհը Շինուհայր-Տաթև-Կապան ճանապարհն է: Շինուհայր-Տաթև հատվածում կան լեռնանցքներ, ճանապարհը նեղ է, ինչը խիստ դժվարացնում է երթևեկությունը:
Իրավիճակը պետք է թեթևացնի Շամբ-Լծեն-Տաթև այլընտրանքային ավտոճանապարհը։ Այն արդեն մասամբ գործում է, սակայն վերջնականապես նախատեսվում է գործարկել 2023 թվականի վերջին։