ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ստամբուլի դատախազությունը նոր մեղադրանք է առաջադրել պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար դատապարտված Օգյուն Սամասթին, որն օրեր առաջ վաղաժամկետ ազատ էր արձակվել։
Տեղեկությունը հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Սամասթը այժմ մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության անդամ չլինելով՝ ահաբեկչական կազմակերպության հանձնարարությամբ» սպանություն իրականացնելու մեջ։ Նրան սպառնում է 7 ու կեսից մինչև 12 տարվա ազատազրկում։
Հիշեցնենք՝ Դինքի սպանության ժամանակ Սամասթը 17 տարեկան էր։ 2011 թվականին նա դատապարտվել էր 23 տարվա ազատազրկման։
Դինքը սպանվել էր 2007թ. հունվարի 19-ին «Ակոսի» խմբագրատան առջև։