ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդտի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրները: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հատուկ շեշտադրվել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների (2023 թվականի մայիսի 14 և հուլիսի 15) արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը:
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոսել են տարածաշրջանային խաղաղության և կայունության մասին։
Անդրադարձ է արվել նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, օրակարգային հարցերին, ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։