ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. ՀՀ-ն անթույլատրելի է համարում կրոնական ցանկացած կառույցի նկատմամբ ոտնձգությունը, մասնավորապես՝ Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի որևէ դրսևորում, անհարգալից ցանկացած գործողություն։ Այս հայտարարությունն արել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ մեկնաբանելով Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի դեպքը։
«Անհանդուրժողականության կամ դրա հրահրման այսպիսի դեպքերն անընդունելի են, և ՀՀ իրավասու մարմինների կողմից արդեն իսկ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Մենք կտրականապես մերժում ենք միջադեպի, թեմայի ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, քարոզչական կամ այլ նկատառումներով: Հայաստանում հակասեմականությունը և ազգային կամ կրոնական հիմքով անհանդուրժողականությունը տեղ չունի»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին լրատվամիջոցներում լուր տարածվեց, որ անհայտ անձը փորձել է հրկիզել Երևանում հրեական սինագոգի դռները:
ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ հրկիզողը Հայաստանում չբնակվող և ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձ է։ Նա հանցավոր արարքը կարատերլուց անմիջապես հետո լքել է ՀՀ տարածքը։