ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ ու տարածաշրջանի դերակատար, փորձում է գտնել այն բանաձևը, որը հնարավորություն կտա տարածաշրջանի երկրներին խաղաղ գոյակցել և այստեղ ապրող մարդկանց զերծ պահել տառապանքներից։ Երևանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում այս հայտարարությունն արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ելույթի սկզբում նա շեշտեց, որ ԵԱՀԿ նախագահության այս տարվա կարգախոսն ամբողջությամբ ընդգծում է այն արժեքը, որի վրա պետք է սևեռված լինի բոլորի ուշադրությունը՝ «Սա մարդկանց մասին է»։
«Ցավալի է, որ ԵԱՀԿ ողջ տարածաշրջանը շարունակում է ցնցվել հակամարտություններից, և միլիոնավոր մարդիկ տառապում են պատերազմի և հումանիտար ճգնաժամների հետևանքով»,- նշեց ԱԺ խոսնակը։
Ըստ նրա՝ այս համաժողովի քննարկման և բանավեճի թեման չափազանց կարևոր է՝ որն է յուրաքանչյուրի դերակատարումը ճգնաժամի այս օրերին, և ինչպես կարելի է հակազդել ներքին և արտաքին մարտահրավերներին։
Սիմոնյանը հիշեցրեց՝ Հարավային Կովկասը ևս արդեն տասնամյակներ շարունակ և հատկապես վերջին տարիներին բախվում է անվտանգային լուրջ մարտահրավերների։ Ըստ նրա՝ տարածաշրջանի երկրների համար խաղաղ գոյակցելու բանաձևի կարևոր բաղադրիչներից մեկը ժողովրդավարությունն է։ Նա վստահություն հայտնեց, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո ժողովրդավարական բարեփոխումներն ու ժողովրդավարական արժեքների ընկալումը մեր երկրում անշրջելի են դարձել։
«Հայաստանը վստահ քայլում է այդ ուղղությամբ այն ընկալմամբ, որ ժողովրդավարությունը նաև անվտանգային կարևորագույն երաշխիք է»,- շեշտեց խորհրդարանի ղեկավարը։
Սիմոնյանը հավելեց, որ մեր տարածաշրջանում ժողովրդավարությունը չափազանց խոցելի է արտաքին մարտահրավերների կողմից, և հիշեցրեց` ԵԱՀԿ ԽՎ 2023 թ․ Վանկուվերի հռչակագրում հստակ ամրագրվել էր, որ այս տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, սակայն փաստաթղթի ընդունումից հետո տարածաշրջանում անվտանգային իրավիճակը վատթարացել է։ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց, թե ինչպես սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ հարձակման և էթնիկ զտումների հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 100 հազար հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը։ Միջազգային հանրությունն այս իրավիճակում համապատասխան միջոցներ չձեռնարկեց։
«Ինձ համար չափազանց ցավալի է այս արձանագրումն անել այս դահլիճում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, երբ փոխանակ վերարժևորելու մեր ժողովրդի պատմությունն ու վերապրած փորձություններն ու նայելու առաջ մենք ստիպված ենք առերեսվել պատմության գրեթե նույնական կրկնության հետ 20-րդ դարում»,- հայտարարեց Սիմոնյանը։
Նա հույս հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի հումանիտար խնդիրները ևս կդառնան այս վեհաժողովում քննարկման առարկա։
Հիշենենք` Վրաստանում անցկացված «Մետաքսի ճանապարհ» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնել տարածաշրջանում։ Նա ընդգծեց, որ դրանով արձանագրվում է հետևյալը` կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է սահմանային և մաքսային հսկողություն։ Բացի դրանից, կողմերից յուրաքանչյուրն ապահովում է նաև կոմունիկացիաների անվտանգությունը (խոսքը խողովակաշարերի, մալուխների, ճանապարհների, ավիահաղորդակցության ուղիների մասին է), ինչպես նաև բեռների անվտանգ անցումը։