ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հեռուստամարաթոն կանցկացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրները լուծելու համար։ Տեղեկությունը հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
«Քեզ համար, Հայաստան» խորագրով հեռուստամարաթոնը կանցկացվի նոյեմբերի 23–ին` ժամը 22:00–ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով։
«Ձեր նվիրաբերությամբ միացե՛ք և աջակցե՛ք հիմնադրամի մարդասիրական ծրագրերին՝ նպաստելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հրատապ խնդիրների լուծմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ յուրաքանչյուրի մասնակցությունը զգալի փոփոխություն կբերի տեղահանված մեր հայրենակիցների կենսապայմանների բարելավման համար։
Նվիրաբերություններ կարելի է կատարել հիմնադրամի առցանց հարթակում։
Նշենք, որ սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի 26-րդ հեռուստամարաթոնն է լինելու։ Նախորդը` «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրով, անցկացվեց 2022 թվականի նոյեմբերի 24-ին։ 25-րդ հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրվեց ավելի քան 11 մլն դոլար։