ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Աշխատանքային այցով Մանամայում գտնվող Միրզոյանը ԱՊԼ գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ-ն հարևան երկրների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք ունի և կառուցողականորեն ներգրավված է բանակցություններում։
«Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ մատնանշելով այս ծրագրի կողմից ընձեռվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը, ՀՀ կառավարության իրականացրած քայլերը։
Հիշենենք` Վրաստանում անցկացված «Մետաքսի ճանապարհ» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնել տարածաշրջանում։ Նա ընդգծեց, որ դրանով արձանագրվում է հետևյալը` կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է սահմանային և մաքսային հսկողություն։ Բացի դրանից, կողմերից յուրաքանչյուրն ապահովում է նաև կոմունիկացիաների անվտանգությունը (խոսքը խողովակաշարերի, մալուխների, ճանապարհների, ավիահաղորդակցության ուղիների մասին է), ինչպես նաև բեռների անվտանգ անցումը։