ԵՐԵՎԱՆ, 187 նոյեմբերի — Sputnik. Աննախադեպ է, երբ ՀՀ–ի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի հետ հատել է 5 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Ամբերդ» գիտահետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Փախլյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առեւտրաշրջանառությունը 2023 թ. 9 ամսվա ընթացքում աճել է 47.5 տոկոսով՝ գերազանցելով 5 մլրդ ԱՄՆ դոլարը։
«Սա աննախադեպ աճ է` մի քանի հանգամանքից ելնելով։ Նախ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ-ի հետ մեր ապրանքաշրջանառությունը եղել է 3.4 մլրդ ԱՄՆ դոլար։ Այսինքն, ներկայիս 9 ամսվա ցուցանիշն արդեն իսկ գերազանցել է նախորդ տարվա ամբողջ տարվա ցուցանիշը»,– ընդգծեց տնտեսագետը։
Ըստ նրա` առավել դրական ցուցանիշ է այն, որ 2023 թ. առաջին 9 ամսվա կտրվածքով ՀՀ արտահանումը դեպի ԵԱՏՄ առանձին երկրներ ևս գերազանցել է նախորդ տարվա ամբողջ ցուցանիշը։ Օրինակ` դեպի Ղազախստան արտահանումն աճել է 150 տոկսով, դեպի Բելառուս` 5 տոկոսով, դեպի Ղրղզստան` 261 տոկոսով, դեպի ՌԴ` 7 տոկոսով։
«Սրանք լուրջ ցուցանիշներ են հատկապես, երբ հաշվի ենք առնում, որ նախորդող ամբողջ ժամանակահատվածում ՀՀ–ն դրական առևտրային հաշվեկշիռ կամ արտահանման նման աճ ունեցել է միայն Ղազախստանի և Ղրղզստանի հետ։ Այս պահին առկա տվյալներով` միության բոլոր անդամ բոլոր երկրների հետ ՀՀ–ն ունի դրական առևտրային հաշվեկշիռ, այսինքն` արտահանումը գերազանցում է ներմուծմանը»,– նշեց Փախլյանը։
Նրա գնահատականով` ԵԱՏՄ պատմության մեջ դեռ չի եղել մի դեպք, երբ ՀՀ–ն անդամ բոլոր երկրների հետ ունենա դրական հաշվեկշիռ։ Ըստ տնտեսագետի` դրա համար և օբյեկտիվ, և սուբյեկտիվ գործոններ կան։
Առաջին հերթին առևտրաշրջանառության նման աճը, նրա խոսքով` պայմանավորված է աշխարհաքաղաքական իրավիճակով, երբ ՀՀ–ն ինչ–որ չափով նաև միջնորդ է հանդիսանում ՌԴ–ի, Բելառուսի և աշխարհի մյուս երկրների միջև։
Փախլյանը կարծում է, որ այս իրավիճակից կարելի է մեծապես օգտվել և փորձել որոշակիորեն պահպանել արձանագրված միտումները։
«Հետաքրքիր մի երևույթ է տեղի ունենում նաև. նախորդ տարիների համեմատ փոխվել է ապրանքային կառուցվածքի համամասնությունը. եթե նախկինում հանքահումքային արտադրանքն էր մեր արտահանման ամենախոշոր ճյուղը, ապա հիմա թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, մետաղներ ապրանքախումբն է բավականին դրական միտումներ արձանագրում։ Սա նաև լայն հնարավորություն է` վերականգնելու մեր երբեմնի ունեցած մրցակցային առավելությունները` թանկարժեք քարերի մշակման, ինչպես նաև թանկարժեք զարդեր պատրաստելու ուղղությամբ»,– ընդգծեց նա։
Տնտեսագետը նշում է, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար ԵԱՏՄ անդամ տարբեր երկրներից արտահանվող ապրանքային կառուցվածքը ևս փոփոխության է ենթարկվում և, ըստ այդմ, շուկայում նոր պահանջարկ է ձևավորվում։ Ըստ նրա` դա հետագայում ԵԱՏՄ բոլոր երկրների համար արտահանման ընդլայման և տեղական արտադրության զարգացման նոր հնարավորություն է ընձեռում։
Ինչ վերաբերում է սնդի, մասնավորապես կաթնամթերքի ու ալկոհոլային խմիչքների` ՀՀ–ից արտահանմանը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ, ապա չափորոշիչների հետ կապված որոշակի խնդիրները դեռևս պահպանվում են։
Ըստ Փախլյանի` խնդիրը լաբորատոր փորձաքննությունների իրականացման արդյունքում հնարավոր կլինի շտկել, սակայն դրա համար որոշակի ներդրումների կարիք կլինի, որը նաև ժամանակ է պահանջում։