ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ արտգործնախարարությունը ողջունել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը երեկ կայացվեց «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում։
«Դատարանի պատմության ընթացքում մեկ դատական վարույթի շրջանակում որևէ այլ պետության նկատմամբ այս քանակի ժամանակավոր միջոցներ երբևէ չեն կիրառվել»,– ասված է հայտարարությունում, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
ՀՀ ԱԳՆ–ն ընդգծել է, որ այս որոշումը նշանակալից է։
«Դա Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում էթնիկ հայերի իրավունքներին անդառնալի վնաս պատճառելու շարունակական վտանգի առկայության ցուցիչ է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի որդեգրած վարքագծով»,- նշված է հայտարարությունում։
Ըստ նախարարության՝ դատարանի այս որոշումը, ինչպես և նախորդները, ստեղծում են իրավաբանորեն պարտադիր պարտավորություններ՝ համաձայն միջազգային իրավունքի։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշում կայացրեց, ըստ որի` Ադրբեջանը պարտավոր է ապահովել այն անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ, որոնք նման ցանկություն կհայտնեն: Դատարանը նաև պարտավորեցրեց Ադրբեջանին պահպանել, չոչնչացնել ԼՂ բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը: Բաքուն պետք է հարգի այդ իրավունքը և ամրագրի իր օրենսդրության մեջ։
Ադրբեջանը պետք է 8 շաբաթվա ընթացքում դատարանին հաշվետվություն ներկայացնի նշված ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ: