ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական ստորաբաժանումներն այսօր կրակ են բացել Պարույր Սևակի հատվածում (Արարատի մարզ) տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով զինծառայող է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ–ի արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին ինտենսիվ կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ականանետներ և անօդաչու սարքեր: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմից 3 զինծառայող էր զոհվել, 2–ը` վիրավորվել: