▪️ Այսօր առավոտյան Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի զինուժի արձակած կրակոցից վիրավորում է ստացել հայկական բանակի զինծառայող: Նրա առողջական վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում։
▪️ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ճանապարհին կան լավ և վատ լուրեր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ելույթում։ Լավ լուրն ըստ նրա այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ դա տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ բրյուսելյան եռակողմ հանդիպումների արդյունքում։ Վատ լուրերի շարքը Փաշինյանը սկսել է նրանից, որ երկու երկրները դեռևս խոսում են դիվանագիտական տարբեր լեզուներով և հաճախ չեն հասկանում միմյանց։ Նիկոլ Փաշինյանի համար չափազանց կասկածելի է, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»։ Ավելին` Հայաստանն այդպես է ներկայացվում դպրոցներում, համալսարաններում, ադրբեջանական լրատվամիջոցներով։
▪️ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը փորձում է գտնել տարածաշրջանում խաղաղ գոյակցելու բանաձևը։
▪️ Երևան գալուց առաջ Ադրբեջան այցելած ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաուման տպավորություն է ստացել, որ Բաքուն պատրաստ է խաղաղության բանակցություններին։ Նա շեշտել է, որ այդ խաղաղության համաձայնագիրը կարևոր է ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի համար։
▪️ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի 5-րդ լրամշակված տարբերակը հանձնել են Հայաստանին, սակայն արդեն երկու ամիս արձագանք չկա։ Հաջիևի խոսքով՝ իրենք հավատում են, որ սա պատմական հնարավորություն է՝ վերջ դնելու երկու երկրների միջև թշնամանքին և կառուցելու կայուն խաղաղություն՝ այն 5 սկզբունքների հիման վրա, որոնք Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանին։
▪️ ԵԱՏՄ երկրները լուծել են տարաձայնությունները ընդհանուր էներգետիկ շուկաներ ստեղծելու ամենավիճահարույց հարցերի շուրջ։ Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևն ասել է, որ չհամակարգված հարցեր կան գազի ոլորտում։ Դրանք նախատեսվում է քննարկել նոյեմբերի 22-ին կայանալիք լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստում։
Sputnik Արմենիա, 106․0FM