ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Երևանում սինագոգի (հրեական կրոնական հաստատության) դռները հրկիզել է Հայաստանում չբնակվող և ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձ։ Սինագոգը հրկիզել և տեսանկարահանել են առերևույթ ազգային կրոնական թշնամանք հարուցելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշենք, որ նոյեմբերի 16-ին լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ անհայտ անձը փորձել է հրկիզել Երևանում սինագոգի դռները: Դեպքի մասին հաղորդումը ստացվել է 2023թ. նոյեմբերի 15-ին։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 06:00-ի սահմաններում, անհայտ անձը Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի 23-րդ հասցեում գտնվող շինության առաջին և երկրորդ հարկերի մուտքերի դռները հրկիզելու միջոցով պատճառել է գույքային վնաս:
«Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։ Պատճառված գույքային վնասը պարզելու նպատակով նշանակվել է համապատասխան փորձաքննություն։ Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն, որպեսզի պարզեն քննության համար հետաքրքրություն ներկայացնող հանգամանքները, ինչպես նաև հայտնաբերեն հանցանքն առերևույթ կատարած անձին։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ վերը նկարագրված գործողությունները կատարողը ՀՀ-ում չբնակվող և ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձ է»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՔԿ–ում ստացված տվյալների` վերոնշյալ հանցավոր արարքը կատարելուց անմիջապես հետո տվյալ քաղաքացին լքել է ՀՀ տարածքը։
Դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
Հանցավոր արարքները տեսանկարահանվել են, ապա տեղադրվել և տարածվել Telegram–ի ադրբեջանական ալիքում, ինչպես նաև X սոցիալական հարթակում։ Տեսագրության զննությամբ, ինչպես նաև այլ փաստական հանգամանքներով պարզվել է, որ առերևույթ հանցագործությունը վերջինս կատարել է ռասայական, ազգային, էթնիկական, կրոնական թշնամանք հարուցելու նպատակով, որպեսզի մշակութային արժեքները ոչնչացնի կամ վնասի։
Հաշվի առնելով այդ հանգամանքը` նախաձեռնվել է նոր քրեական վարույթ` ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի հատկանիշներով։
Քննչական ենթակայության կարգով նշված վարույթն ուղարկվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ՝ հետագա նախաքննությունն իրականացնելու նպատակով։