Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի պրեմիերային

Ֆիլմը ցուցադրվելու է աշխարհի մի շարք երկրներում` ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում ներկա է գտնվել նախորդ տարի Հայաստանում անցկացված «STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի պրեմիերային: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի պրեմիերան
«Ֆիլմը ցուցադրվելու է նաև աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում և այլն: Ֆիլմի պրոդյուսերներն են աստղաֆիզիկոս, փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը, աշխարհահռչակ երաժիշտ, փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը և Թոդ Դուգլաս Միլլերը»,– ասված է հաղորդագրությունում:
«STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի պրեմիերան
Ֆիլմի պրեմիերային ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, կառավարության, խորհրդարանի այլ անդամներ:
Հիշեցնենք, որ փառատոնը կրում էր «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագիրը և նվիրված էր Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:
Տիեզերական մթնոլորտ և 4000-ամյա վիշապաքար. Starmus-ը Գյումրիում է
«Սթարմուս» աշխարհահռչակ փառատոնը կապված է Սթիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ Այն անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։
Փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակում նրանք հանրությանն են ներկայացնում իրենց գիտելիքները, փորձն ու նորագույն հայտնագործությունները։