ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակը ներկայացրել է ՄԱԿ Քաղաքական և խաղաղաշինության հարցերով դեպարտամենտի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկաների հարցերով Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
«Փոխնախարարն ընդգծել է ԼՂ-ից 100 հազարից ավել բռնի տեղահանված հայ փախստականների անվտանգային, հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Այս համատեքստում Գևորգյանը շեշտել է ՄԱԿ համապատասխան կառույցների ներգրավման հրամայականը՝ ԼՂ–ից բռնի տեղահանված փախստականների առաջնային և երկարաժամկետ կարիքների բավարարման, նրանց հիմնարար իրավունքների վերականգնման և իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրավունքի ապահովման նպատակով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման հեռանկարներին:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։