ԼՂ–ից բռնի տեղահանված 1143 քաղաքացի շարունակում է բնակվել ժամանակավոր կացարաններում

ՀՀ կառավարությունում ամփոփել են ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց մասին տեղեկությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված 1143 քաղաքացի շարունակում է բնակվել ժամանակավոր կացարաններում։ Այս մասին հումանիտար կենտրոնում անցկացված ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Նրա խոսքով` քաղաքացիների մյուս մասն էլ տներ են վարձակալում կամ տեղափոխվում բարեկամների տներում ապրելու։ Տերտերյանը նշեց, որ մոտ ապագայում իրավիճակն ավելի կկայունանա։
Նա հավելեց, որ կառավարությունը նոյեմբերի 17-ի դրությամբ համայնքներին 3,4 մլրդ դրամ է հատկացրել, բացի դրանից էլ Սյունիքի մարզպետարանն առանձին 579 մլն դրամ է ստացել։
«Այս միջոցները տրամադրվել են քաղաքացիների առաջին անհրաժեշտության ապահովման համար։ Տրամադրված գումարների ավելի քան 83 %–ն արդեն ծախսվել է»,– ասաց Տերտերյանը։
ՏԿԵ փոխնախարարն ընդգծեց, որ հումանիտար բեռների պահեստավորման առնչությամբ աշխատանքներ են տարվում։ Այդ բեռները ստացվել են Լեհաստանից, Ռումինիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից, Լիտվայից, Արգենտինայից։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։