Կորեայից ակնկալում ենք սատարել ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Սիմոնյան

Դեսպանն անհամբեր սպասում է Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը, երբ իր երկրի դրոշը կծածանվի հյուրընկալ և խաղաղասեր Երևանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանն ինչպես միջազգային գործընկերներից, այնպես էլ բարեկամ Կորեայից ակնկալում է ջանքերի գործադրում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սատարման հարցում, քանի որ մեր երկիրը շարունակ բախվում է ադրբեջանական ոտնձգություններին։ Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում Կորեայի դեսպան Դոհուն Լիի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Հայաստանում Կորեայի դեսպան Դոհուն Լիի հանդիպումը
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի անվտանգային խնդիրները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ճակատագրին առնչվող մի շարք հարցեր:
ԱԺ նախագահն ու դեսպանը խոսել են երկկողմ հարաբերությունների զարգացման մասին։ Շեշտվել է դրանք խորացնելու անհրաժեշտությունը, ինչի վառ ապացույցը Հայաստանում և Կորեայում դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու երկուստեք մտադրությունն է:
«Դոհուն Լին նշել է, որ անհամբեր սպասում է Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը, երբ իր երկրի դրոշը կծածանվի հյուրընկալ և խաղաղասեր Երևանում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել միջխորհրդարանական համագործակցության ձևաչափին։ Քննարկվել են նաև բազմոլորտ գործակցության լայն հնարավորությունները։
Վրաստանի ՊՆ ղեկավարը Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել