Իշխանության հետ խնդիր ունեք, իրենց հետ լուծեք, որից չի տուժի հայ ժողովուրդը. Աբրահամյան

Տիգրան Աբրահամյան. Արխիվային լուսանկար
Ըստ ընդդիմադիր պատգամավորի` ՀՀ-ն տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար դիտարկվում է որպես «պոլիգոն»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Այն երկրները, որոնք խնդիր ունեն ՀՀ իշխանության հետ, չպետք է վարեն այնպիսի քաղաքականություն, որի հետևանքով տուժի հայ ժողովուրդը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` արձագանքելով ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության վերաբերյալ հարցին։
Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանը եռակողմ պայմանավորվածությունների շրջանակից դուրս, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ուղղորդմամբ, խիստ ռիսկի է գնում և կարող է կտրվել տարածաշրջանային ենթակառուցվածքներից։
«Ունեք խնդիրներ Հայաստանի իշխանության հետ` Եվրոպա, ԱՄՆ կամ Ռուսաստան, ձեր խնդիրները լուծեք ՀՀ իշխանությունների հետ, հայ ժողովուրդը չպետք է դառնա ձեր խնդիրների զոհն ու չպետք է դրա ծանր հետևանքները զգա»,- ասաց նա։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի` ակնհայտ է այն ուղղությունը, որը վերցրել է Հայաստանի իշխանությունը, բերել, հասցրել է այն իրավիճակին, երբ ՀՀ-ն տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար դիտարկվում է որպես «պոլիգոն»։
«Դրա հետևանքով անընդհատ ունենք լայնամասշտաբ գործողություններ, Հայաստանն անընդհատ ենթարկվում է տարբեր ագրեսիաների, Արցախը մի քանի անգամ ագրեսիաների ենթարկվեց, որի ծանր ու ողբերգական հետևանքը արձանագրվեց սեպտեմբերին»,- նշեց Աբրահամյանը։
Այնպիսի իրավիճակ է, ըստ նրա, որ Հայաստանը սուբյեկտից վերածվել է օբյեկտի և ՀՀ–ին վերաբերող հարցերում անգամ չունի որոշիչ ներգործություն։