Հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի կիրառումը կսահմանափակվի նաև ՀՀ մարզերում

Նորակառույցներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն տվեց նախագծին, սակայն հայտարարեց, որ օրակարգից այն ժամանակավորապես կհանեն` մինչև որոշ նրբություններ շինարարական կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում կհստակեցվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի կիրառումը ՀՀ կառավարությունը կսահմանափակի։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, նշեց, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառման շրջանակն ըստ տարիների և ըստ մարզերի աստիճանաբար կրճատվում է։
«Հիմնական նպատակները երկուսն են` մարզերում քաղաքաշինական ու տնտեսական ակտիվությունը խթանող տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների որոշումների կայացմանը ժամանակի մեջ խրախուսելը։ Եվ նաև` եկամտահարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակի հետագա` երկարաժամկետ հեռանկարում, ընդլայնումը զսպելը»,– հայտարարեց նախարարը։
Ըստ այդմ, 2027 թ. հունվարի 1–ից հետո եկամտահարկը հիփոթեքային վարկերի մասով չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է Երևանի հարակից Արագածոտն, Արմավիր, Կոտայք մարզերում։
Բացի այդ, 2029 թ. հունվարի 1–ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով եկամտահարկը չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է այլ մարզերում։
Նախարարի խոսքով` սահմանափակումները չեն կիրառվելու ՀՀ սահմանամերձ բնակավայրերում։
«Իսկ 2025 թ. հունվարի 1–ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով վարկառուի և առկայության դեպքում նաև համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտահարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ 2018 թ. մինչ օրս ավելի քան 35 հազար ընտանիք հիփոթեքային վարկերի մասով եկամտահարկի վերադարձման համակարգով ձեռք է բերել բնակարան։
Ըստ նրա` 2022 թ. արդյունքներով 35 մլրդ դրամի եկամտահարկի վերադարձ է իրականացվել, որի 90 տոկոսը հիփոթեքային վարկի մասով է եղել։
Փաշինյանը հավանություն տվեց նախագծին, սակայն հայտարարեց, որ օրակարգից այն ժամանակավորապես կհանեն` մինչև որոշ նրբություններ շինարարական կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում կհստակեցվեն։
Հիշեցնենք` Երևան քաղաքի առաջին գոտում 2022 թվականի հուլիսի 1-ից այլևս չի գործում հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի հնարավորությունը։ 2025 թվականի հունվարի 1-ից այդ համակարգը չի գործի ամբողջ Երևանում։ Այս տարվա հունիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձը 2027 կամ 2028 թվականից կփակվի նաև երևանամերձ մարզերի համար։