ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Եթե Հայաստանը շարժվի Արևմուտքի գծած պլանով և դուրս գա Ռուսաստանի դեմ, հետևանքներ չլինել չեն կարող։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց ՀՀԿ գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Արևմուտքին անհրաժեշտ է մի բան` նա մեկ դար շարունակ ջանում է այս տարածաշրջանից հեռացնել Ռուսաստանին, ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դարձել է Արևմուտքի բութ գործիքը ռուսականության դեմ պայքարում»,–ասաց նա։
ՀՀԿ–ական գործիչը նշեց, որ Արևմուտքն իր նպատակին հասնելու համար Վրաստանում օգտագործեց Միխեիլ Սաակաշվիիլին, Ուկրաինայում` Վլադիմիր Զելենսկիին, իսկ Հայաստանում` Նիկոլ Փաշինյանին։ Եվ արևմտյան պաշտոնյաներն անգամ չեն թաքցնում իրենց իրական նպատակը։
Ինչ վերաբերում է ՌԴ–ի դեմ դուրս գալու հետևանքներին, ապա Շարմազանովի համոզմամբ` այդ քայլին գնալուց առաջ պետք է լավ մտածել։
«ՌԴ–ն գերտերություն է` Կուրիլյան կղզիներից մինչև Կալինինգրադ։ Երբ որ դու Ռուսաստանի դեմ քար ես նետում, պետք է պատրաստ լինես, որ նա կարող է ավելի մեծ քարով քո գլխին տալ։ Պետք է քար նետելիս մտածել` կմարսես, թե չէ»,–ասաց նա։
Քաղաքական գործիչը, անդրադառնալով իշխանությունների կողմից ՀԱՊԿ–ին ուղղված քննադատություններին, հիշեցրեց, որ ՀՀ–ն անդամակցում է այդ կառույցին, քանի որ դա ռուսական անվտանգային համակարգի մի մասն է, որը բավական արդյունավետ աշխատել է 30 տարի։
«Այդ Ռուսաստանն է մեզ 50 հազար տոննա ձրի զենք, «Իսկանդեր» տվել, նաև ռուսական ռազմական օժանդակության արդյունքում է հայ–թուրքական սահմանը այդպես հանգիստ եղել։ Ու երբ ՌԴ–ն քեզ 165 դոլարով գազ է տալիս, քո գյուղատնտեսական ապրանքների 90 տոկոսը ռուսական շուկայում է, այդքանը մի կողմ ես դնում ու Արևմուտքի բզբզոցով Ռուսաստանի դեմ ես դուրս գալիս, ուզում ես մարսե՞լ»,–ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Նա վստահ է, որ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԵՄ–ն չեն կարող ՀՀ անվտանգային որևէ խնդիր լուծել։ Շարմազանովը հիշեցրեց, որ ԵՄ անդամ պետության` Կիպրոսի 30 տոկոսն օկուպացված է Թուրքիայի կողմից, սակայն Եվրամիությունն անգամ իր անդամ պետության անվտանգությունը չի կարողանում ապահովել։
«Կարծում եք` թուրքական սպառնալիքի ժամանակ արևմտյան զինվոր կամ զե՞նք է գալու, մեզ օգնի։ Որքան 100 տարի առաջ եկան, այնքան էլ հիմա են գալու, իրենց մոտ լավ ստացվում են միայն կենացները»,– հավելեց նա։
Շարմազանովի կարծիքով` ՀՀ–ի համար ստեղծված իրավիճակում կա երեք ճանապարհ, ամենացանկալին ազգային պետականության վերականգնումն է: Երկրորդն ու երրորդը ոչ միայն անցանկալի են, այլև ողբերգական: Երկրորդը «Ուկրարմենիա» դառնալն է, որովհետեւ Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագիրը։ Երրորդ ճանապարհը Հայաստանի վիլայեթացումն է։
Հիշեցնենք` վերջին ամիսներին փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէին մասնակցել նաև ԱՊՀ գագաթնաժողովին, որը հոկտեմբերին կազմակերպվել էր Բիշքեկում, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերին չէր մասնակցել ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների մոսկովյան հանդիպմանը։