ՀՀ վետերանները մասնակցում են հաղթանակի 80-ամյակի տոնակատարության նախապատրաստմանը

Ասուլիսի ժամանակ
«Հերոսություն առանց ազգային սահմանների, ուս ուսի». այսպես է կոչվում Սուրբ Կիրիլի ու Սուրբ Մեֆոդիի անվան գրողների միջազգային միության նոր նախագիծը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայ հասարակության ներկայացուցիչները մասնակցում են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարության նախապատրաստմանը նվիրված քննարկումներին: Այդ թեմային, մասնավորապես, նվիրված էր օրերս Մոսկվայում կայացած ԱՊՀ վետերանների կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահության նիստը։
Այնտեղ էլ տեղի ունեցավ «Ֆաշիզմի դեմ պայքարում մենք միասնական էինք» միջազգային գիտագործնական համաժողովը։ Միջոցառումներին մասնակցել են Հայաստանի Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման ներկայացուցիչները:
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ միավորման նախագահ Սիմոն Եսայանը նշեց, որ Հայրենական մեծ պատերազմի առանցքային իրադարձություններից մեկը Մոսկվայի համար մղվող ճակատամարտում տարած հաղթանակն էր։ Հենց այդ ժամանակ ցրվեց գերմանական բանակի անպարտելիության առասպելը։
Սիմոն Եսայան
«Ճիշտ է, 89-րդ Թամանյան դիվիզիան չի մասնակցել Մոսկվայի մերձակայքում ռազմական գործողություններին, բայց դրանից բացի, Հայաստանի կողմից ձևավորվել է ևս 5 դիվիզիա։ Այսինքն՝ Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է 6 հայկական դիվիզիա։ Ներկայումս ապրող վետերաններից շատերը մասնակցել են Մոսկվայի պաշտպանությանը։ Նրանցից Պողոս Պետրոսյանը դեկտեմբերի 19-ին 100 տարեկան է դառնում։ Հայաստանի համար ճակատագրական եղավ Խորհրդային բանակի հաղթանակը Ստալինգրադի ճակատամարտում, ինչի շնորհիվ կանխվեց Թուրքիայի ներխուժումը Կովկաս։ Ստալինգրադի ճակատամարտի մասնակիցներից Լաչին Ստեփանյանն այժմ էլ ողջ է։ Վերջերս «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն», - նշել է Եսայանը։
Ստեփանյանի գիրքը հրատարակվել է հոկտեմբերին՝ ֆաշիստներից Կովկասի ազատագրման 80-ամյակին, իսկ դեկտեմբերի 5-ին տեղի կունենա երկրորդ շնորհանդեսը Ռուսական գրքի տանը, որը նվիրված կլինի Մոսկվայի մերձակայքում խորհրդային հակահարձակման մեկնարկի օրվան: Ժողովածուի բանաստեղծությունները ներկայացված են բնագրով՝ հայերեն, և ռուսերեն թարգմանությամբ:
Ելենա Շուվաևա
«Նա իր ամբողջ կյանքում բանաստեղծություններ է գրում։ Գրել է նաև Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, այդ բանաստեղծությունները նվիրելով մորը, հայրենիքին, սիրելի կնոջը։ Գրում է նաև մեր օրերում, չնայած, որ շուտով լրանում է նրա 100-ամյակը»,-ասաց Հայաստանի վետերանների միավորման փոխնախագահ, Երևանում Ռուսական տան պատմամշակութային նախագծերի մասնագետ Ելենա Շուվաևան։
Ստեփանյանի բանաստեղծությունների թարգմանությանը մասնակցել է նաև Սուրբ Կիրիլի ու Սուրբ Մեֆոդիի անվան գրողների միջազգային միությունը (Բուլղարիա), որը միավորում է կիրիլիցայով գրող բոլոր երկրների գրողներին:
Ելենա Ասատուրովա
Միության վարչության նախագահ Ելենա Ասատուրովան նշեց, որ իրենց համար «մեծ պատիվ էր մասնակցել պատերազմի վետերան Լաչին Ստեփանյանի բանաստեղծական ստեղծագործությունների թարգմանության նախագծին»: Նրա կարծիքով՝ դա հայերենից թարգմանության շատ հետաքրքիր փորձ էր։
«Կովկասի համար մղված ճակատամարտի 80-ամյակին Հայաստանի վետերանների խորհուրդը Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության և Կիրիլի ու Մեֆոդիի անվան մեր միության հետ համատեղ գործարկեցին ևս մեկ գրական-երկրագիտական նախագիծ՝ «Հերոսությունն առանց ազգային սահմանների, ուս ուսի», որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակին», - ասել է Ասատուրովան:
Նրա խոսքով՝ «Հերոսությունն առանց ազգային սահմանների, ուս ուսի» նախագծի գլխավոր խնդիրն է հիշել, գտնել Հայրենական մեծ պատերազմի հերոսների, Խորհրդային Միության բոլոր ազգությունների ներկայացուցիչների քիչ հայտնի անունները:
Նախագծի իրականացմանը ներգրավված են տարբեր երկրների գրականագետներ, լրագրողներ, պատմաբաններ։
Նախագծի նկատմամբ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել գրողներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, հայտեր են ստացվել նաև Ֆրանսիայից, իսկ ներկայումս միանում են Բալթյան երկրները:
Մրցույթի արդյունքներով, որը կտևի մինչև հաջորդ տարվա աշուն, նախատեսվում է հրատարակել բանաստեղծությունների և արձակի անթոլոգիա, որտեղ կներառվեն մրցութային բանաստեղծություններ, էսսեներ, գեղարվեստական արձակ: