ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված 83 տարեց այս պահի դրությամբ բնակվում է Հայաստանի 6 խնամքի հաստատությունում։ Այս մասին հումանիտար կենտրոնում անցկացված ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
«Այսօրվա դրությամբ ԱՍՀ նախարարության համակարգում կամ արտապատվիրակմամբ գործող թվով 6 խնամքի հաստատությունում բնակվում է 83 տարեց։ Նրանցից 17–ը դեռ սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի ծերանոցից են տեղափոխվել։ Խնամքի կենտրոններում գտնվող 83 տարեցներից մոտ 50-ը միայնակ են, նրանք կշարունակեն խնամք ստանալ մեր հաստատություններում»,– ասաց Ստեփանյանը։
Նա ընդգծեց, որ տարեցների դեպքում շուրջ 1,5 ամսվա ընթացքում վերամիավորումներ են եղել ընտանիքների հետ։ Այսօր էլ 2 տարեց վերադարձել են իրենց ընտանիքների մոտ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։