ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԵՊՀ-ի առաջին մասնաշենքի նկուղային հարկում բռնկված հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար այցելել է համալսարան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Համալսարանում իրավիճակին ծանոթանալուց հետո Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն:
«Նախարարը զրուցել է տուժած քաղաքացու հետ, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ և մաղթել շուտափույթ ապաքինում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ տուժածի վիճակը մասնագետները գնահատում են բավարար:
Հիշեցնենք` ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում` պոմպակայանի համար նախատեսված սենյակում, այսօր առավոտյան պայթյուն է գրանցվել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Սենյակը ծառայել է որպես այգեգործների համար հանդերձարան, գործիքների պահման վայր։
Պայթյունի հետևանքով 1 մարդ մահացել է, 3-ը` տուժել։
Ըստ ՔԿ–ի` մահացածը 73 տարեկան է, տուժածներից 2-ը` 70 և 66 տարեկան։ Քրեական վարույթ է նախաձեռնվել հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու հոդվածով։