ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանը պաշտոնապես հանձնել է Հռոմի կանոնադրության վավերացումը հաստատող փաստաթղթերը և Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) լիիրավ անդամ կդառնա 2024 թվականի փետրվարի 1-ին: Այս մասին ասվում է ՄՔԴ-ի տարածած հայտարարության մեջ։
«Հայաստանը դառնալու է 124-րդ մասնակից պետությունը և 19-րդը արևելաեվրոպական երկրներից»,- նշված է տեքստում։
Բացի այդ, ՄՔԴ-ից տեղեկացրել են, որ հայկական կողմը փաստաթղթեր է փոխանցել, որոնք հաստատում են, որ Հայաստանը հետին թվով ընդունում է դատարանի իրավասությունը 2021 թվականի մայիսի 10-ից։
Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ պատճառաբանելով, որ այդ դեպքում Երևանը կարող է դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021-22 թթ. ՀՀ տարածք ներխուժումների ընթացքում)։
ՌԴ-ում այս որոշումը խիստ բացասաբար ընդունեցին, քանի որ այդ կառույցը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը ձերբակալելու օրդեր է տվել։ Հայաստանի պաշտոնյաներն իրենց հերթին վստահեցնում են, որ վավերացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, և Երևանն իրավիճակի վերաբերյալ մի շարք առաջարկներ է ուղարկել Մոսկվային: