ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Երևանում հրեական սինագոգի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի։ Այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Նշենք, որ երեկ` նոյեմբերի 16-ին լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ անհայտ անձը փորձել է հրկիզել Երևանում հրեական սինագոգի դռները:
«Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք արարքը կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով»,–նշել է պաշտպանը։
Մանասյանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությունը և անվտանգությունը մեր երկրում պետք է երաշխավորված լինեն:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ Երևանում հրեական սինագոգը հրդեհելու մասին ահազանգը ստացել է նոյեմբերի 15-ին՝ ժամը 18։30-ին։ Պարզվել է, որ ժամը 18։00-ին անհայտ անձը Նար-Դոս փողոցի 23 հասցեի շինության առաջին և երկրորդ հարկի դռները փորձել է հրկիզել, որի հետևանքով դրանք վնասվել են։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։
Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (գույքը ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։