ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Այսօր ԵՊՀ–ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Արմենիա» հանրապետական ԲԿ տեղափոխված տուժածներից մեկն ունի քիմիական այրվածներ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԲԿ–ի վիրաբուժական գծով տնօրենի տեղակալ Աշոտ Կուրղինյանը։
«Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, նա ունի այրվածքներ, խոսքը քիմիական այրվածների մասին է։ Նա ունի վերին վերջույթների, դեմքի, գլխի վնասվածքներ։ Այրվել է մարմնի 60 տոկոսը»,– ասաց նա։
Բժիշկը հավելեց, որ նրա կյանքին այս պահին վտանգ է սպառնում։
Մյուս տուժածի վիճակը միջին ծանրության է։ «Արմենիա» հանրապետական ԲԿ–ում նա համապատասխան հետազոտություն է անցել և ուղարկվել Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Հիշեցնենք` ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում` պոմպակայանի համար նախատեսված սենյակում, այսօր առավոտյան պայթյուն է գրանցվել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Սենյակը ծառայել է որպես այգեգործների համար հանդերձարան, գործիքների պահման վայր։ Պայթյունի հետևանքով 1 մարդ մահացել է, 3-ը` տուժել։ Տուժածներից 1-ը պարեկային ծառայության աշխատակից է, մյուսները` կանաչապատման բաժնի աշխատակիցներ։ Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։