ԵՊՀ-ի պայթյունից մահացածը 73 տարեկան էր. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

ԵՊՀ–ի տարածքում
ՀՀ քննչական կոմիտեում քննչական խումբ է ձևավորվել պայթյունի հանգամանքները պարզելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով մեկ անձի մահվան և 3 անձանց տուժելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք, որոնցից մեկը` 70 տարեկան, մյուսը՝ 66, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Այրվածքաբանական ազգային կենտրոն։ Դեպքի վայրում՝ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում, հայտնաբերվել է 73-ամյա Ժ․ Խ․-ի դին՝ այրվածքներով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։
Ձևավորվել է քննչական խումբ, սկսվել է նախաքննություն։
Ներկա պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացվում է դեպքի վայրի զննություն, կատարվում են անհրաժեշտ այլ անհետաձգելի քննչական, վարութային գործողություններ՝ կատարվածի պատճառները, դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, տեղի ունեցածին վերջնական իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Հիշեցնենք` ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում` պոմպակայանի համար նախատեսված սենյակում, այսօր առավոտյան պայթյուն է գրանցվել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Սենյակը ծառայել է որպես այգեգործների համար հանդերձարան, գործիքների պահման վայր։ Պայթյունի հետևանքով 1 մարդ մահացել է, 3-ը` տուժել։
ԵՊՀ–ի պայթյունի հետևանքով տուժածներից մեկն ունի քիմիական այրվածքներ. Կուրղինյան