ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացումը վկայում է միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը Հայաստանի հանձնառության մասին: X-ի իր էջում այս մասին գրել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Յուրաքանչյուր միացում (ստատուտին-խմբ.) մեզ ավելի է մոտեցնում համընդհանուր մասնակցությանը և ամենածանր հանցագործությունների համար անպատժելիության դադարեցմանը»,- գրել է Բորելը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին էլ Ֆրանսիայի ԱԳՆ-ն X-ի պաշտոնական էջում գրել էր, որ Ֆրանսիան ողջունում է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը։ Նշվել էր, որ այսպիսով, Հայաստանը դառնում է ՄՔԴ կանոնադրության 124-րդ մասնակից պետությունը։