ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. «ՄՏՍ Հայաստանի» վաճառքի հայտը նայվել է, ներկայացված ինֆորմացիան գործընկերների հետ ևս ստուգվել է և արդյունքում հաստատվել է։ ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասի վաճառքին կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։
Լրագրողի հարցին` արդյոք նախարարն ազգային անվտանգության սպառնալիք չի՞ տեսնում այս գործարքի մեջ, նախարար Խաչատրյանը զարմանքով արձագանքեց. «Դուք այդտեղ ազգային անվտանգության սպառնալիք տեսնո՞ւմ»։
Հարցին, թե իրականում ով է կիպրական տվյալ ընկերության իրական սեփականատերը, նախարարը սկզբում ասաց, որ չի հիշում, չգիտի, ապա ճշտող հարցին ի պատասխան ասաց` «գիտի, բայց չի ասի։
Լրագրողների մյուս հարցերին նա խուսափողական պատասխան տվեց ու արագ հեռացավ` միայն արձագանքելով. «Գրավոր դիմեք, կպատասխանեմ»։
Հիշեցնենք, որ 2023 թ. ապրիլին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արգելել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի բաժնետոմսերը: Գործարքին դեմ էր հանդես եկել նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` նշելով, որ գործարքը վնասում է կամ կարող է վնասել ՀՀ պետական շահերը ու ազգային անվտանգությունը։
Հիշեցնենք նաև, որ «ՄՏՍ–Հայաստան» ՓԲԸ–ն նոյեմբերի 3–ին դիմել է հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը:
Որոշման նախագծում նշվում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը գործարքի կնքման վերաբերյալ առարկություններ չունեն: