500 մլն դրամ է հատկացվելու ԼՂ–ից տեղահանվածների վճարումները շարունակելու համար. նախարար

Նարեկ Մկրտչյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտարարեց, որ վճարումները շարունակվում են նաև 40+10 հազար համակարգով, և 99 820 մարդու վճարումն արդեն իսկ իրականացվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 104 200–ն արդեն իսկ ստացել են 100 հազար դրամ միանվագ օժանդակությունը, նրանցից 28 475–ը անչափահաս են, 75 725–ը` չափահաս։ ՀՀ կառավարության նիստում այս տվյալները ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Այսօր 500 մլն դրամ հատկացնելու ենք այս վճարումները շարունակելու համար ։ Մշակված է 3 800 դիմում, իսկ 800 նոր անձի դիմում ստացել ենք ԿԳՄՍՆ–ի և ՀՀ առողջապահության նախարարության գործընկերներից։ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո ՀՀ բուժառության և կրթության նպատակներով ՀՀ տեղափոխված ԼՂ մեր հայրենակիցներ մասին տվյալները ևս կմշակենք։ Այսպիսով, շուրջ 108 800 անձի վճարում կիրականացնենք առաջիկա օրերին»,– հայտարարեց նախարարը։
Նա հայտարարեց, որ վճարումները շարունակվում են նաև 40+10 հազար համակարգով, և 99 820 մարդու վճարումն արդեն իսկ իրականացվել է։ Նոյեմբերի համար դիմումները նախարարությունն արդեն սկսել է ստանալ, և այս պահին նրանց թիվը 8 475 է։
Մկրտչյանը տեղեկացրեց, որ այսօրվանից գործարկվում է էլեկտրոնային հարթակը, որտեղ կներկայացվեն նոյեմբերի և դեկտեմբերի համար սպառողական ծախսերի համար հատկացվող 50 հազար դրամ աջակցության մասին տվյալները։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։