Զոհվածների ծնողներին բռնության ենթարկած ոստիկանների նկատմամբ հետապնդումը դադարեցվել է

«Եռաբլուրի» մոտ հավաքված կարմիրբերետավորներ. արխիվային լուսանկար
Որոշման համաձայն` ոստիկանների գործողություններում հանցակազմ չի եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Զոհված զինծառայողների ծնողներին«Եռաբլուր» զինվորական պանթեոնում բռնությամբ բերման ենթարկած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է զոհվածների ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ 1 տարի 2 ամիս տևած քրեական վարույթով որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։ Ծանոթացման նպատակով մեզ տրամադրվել են քրեական վարույթի նյութերը (9 հատոր և բազմաթիվ տեսագրություններ)»,– գրել է Հովհաննիսյանը։
Որոշման առնչությամբ փաստաբանը մի հանգամանք է ներկայացրել` նշելով, որ Եռաբլուրից 34 ծնողի բերման ենթարկելու համար, պաշտոնական տվյալներով, պանթեոն է ուղարկվել 439 ոստիկան (անկողմնակալ վկաները փաստում են մինչև 1000 ոստիկանի ներկայության մասին)։
Հովհաննիսյանը շեշտել է, որ քրեական վարույթի նյութերից պարզ է դառնում, որ Եռաբլուր ուղարկված ոստիկանների գերակշիռ մասը հրաձիգներ են, հրաձիգ նռնականետորդներ և հրաձիգ գնդացրորդներ։
Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։
Նույն օրը հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել։