ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Երկրից թալանված միջոցները հայտնի թալանչիների տների դարակներում դասավորված չեն։ ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի քննարկմանը այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` իր ղեկավարած կառավարությանը շատ են քննադատում այն բանի համար, որ երկրից թալանված միջոցները հետ չեն բերում պատշաճ հետևողականությամբ։
«Քննադատությունը հասկանալի է, սակայն պետք է նկատեմ, որ թալանված միջոցները հայտնի թալանչիների տների դարակներում բարեբախտաբար, թե դժբախտաբար դասավորված չեն։ Այսինքն` չեն թալանել ու տարել, կուշետկի մեջ դրել, որ մտնենք, վերցնենք ու դուրս գանք։ Այդ գումարները խնամքով թաքցված են տարբեր տեղերում ու շատ հաճախ ՀՀ–ից դուրս։ Բացի դա, թալանչիները հո սկուտեղով չե՞ն մատուցում, ընդհակառակը` բոլոր հնարավոր ձևերով դիմադրում են` քաղաքական ձևերով, այդ թվում` թաքնվելով Ղարաբաղի, դասագրքերի, անվտանգային սպառնալիքների, ներքաղաքական անկայունությունների հրահրման ձևերով, իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ հակաքարոզչությամբ»,– ընդգծեց նա։
Դրա համար, ըստ նրա, օրինական մեխանիզմներ են ստեղծվել անօրինական գույքի բռնագանձման համար, և արդեն կան աղմկոտ դեպքեր։
««Գոլդեն Թուլիփ» հյուրանոցը, ԱՕԿՍ–ի շենքը, հեկտարներով հողեր Իսակովի պողոտայում, Ծաղկաձորում և այլն։ Մենք հասկանում ենք, որ սա ընդամենը մի փոքր մասն է։ Այս շարքը դեռ կշարունակվի, և մեր քաղաքական կամքը երբեք և ոչ մի վայրկյան չի սասանվել»,– ասաց վարչապետը։
Ըստ Փաշինյանի` այս պահին ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով անցնում է շուրջ 1000 անշարժ, 200 շարժական գույք, բաժնետոմսեր՝ 270 կազմակերպություններում, որոնք արգելանքի տակ են և չեն կարող օտարվել: