Շահրամանյանն ընդունել է Քոչարյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու և ցուցմունք տալու առաջարկը

Արխիվային լուսանկար
Ըստ աղբյուրի՝ Սամվել Շահրամանյանն ի սկզբանե որոշել էր չգնալ՝ հաշվի առնելով Անդրանիկ Քոչարյանի՝ իր հասցեին արված հայտարարությունները, բայց այժմ միտքը փոխել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու և ցուցմունք տալու առաջարկը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը` հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ Քոչարյանն ասել էր, որ հանձնաժողովը դեռ մեկ ամիս ունի մինչև լիազորությունների ավարտը, և իրենք մտադիր են Սամվել Շահրամանյանին հրավիրել, որ գա և պատասխանի իրենց հարցերին։
Ըստ աղբյուրի՝ Սամվել Շահրամանյանն ի սկզբանե որոշել էր չգնալ՝ հաշվի առնելով Քոչարյանի՝ իր հասցեին արված հայտարարությունները։
Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանն հրապարակային հայտարարել էր, որ «Սամվել Շահրամանյանը ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ կլիներ»:
«Շահրամանյանը երկար է մտածել քննիչ հանձնաժողով գնալու-չգնալու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անդրանիկ Քոչարյանը բազմիցս ոչ կոռեկտ է արտահայտվել, մի քանի անգամ հրապարակային վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իր հասցեին։ Սակայն կարևորելով նման հնչեղություն ունեցող գործի իրական բացահայտումները, որին կարող է ինքը նպաստել՝ համաձայնվել է նոյեմբերի 24-ին գնալ քննիչ հանձնաժողով, 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում ունեցած բոլոր տեղեկությունները լիարժեք տրամադրել հանձնաժողովին»,-գրում է թերթը ։
Նշենց, որ 44-օրյա պատերազմի օրերին Սամվել Շահրամանյանը զբաղեցրել է Արցախի ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը։
Ինչո՞ւ էր կաշկանդված Շահրամանյանը. քաղաքագետը վերլուծել է Արցախի նախագահի հարցազրույցը