Մեր հարևանները վստահ են` մենք որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում
ՀՀ վարչապետի խոսքով` ինքնիշխան պետության պարտականությունն է անընդհատ բարեփոխել զինված ուժերը, ամրացնել բանակը, ինչը անում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. 2024 թ. պետական բյուջեն պատմական ժամանակների պատմական բյուջե է։ ՀՀ Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչո՞ւ է պատմական, քանի որ թե՛ եկամուտները, թե՛ ծախսերը կրկնապատկվում են։ Կրկնապատկվել են նաև պաշտպանական ծախսերը, սակայն սա պատերազմի պատրաստություն չէ, այլ խաղաղության։ Մեր հարևանները վստահ են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու որևէ մտադրություն չունենք։ Բարձր մակարադակի է հասցվել առաջնային բուժօգնությունը, որի արդյունքն այն է, որ 2023 թ. հունվար–սեպտեմբերի ամիսներին ՀՀ–ում նվազագույն մահացությունն է գրանցվել վերջին 6 տարում և փոխարենը գրանցվել է բնական առավելագույն աճը»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` ինքնիշխան պետության պարտականությունն է անընդհատ բարեփոխել զինված ուժերը, ամրացնել բանակը, ինչը անում են։ Բացի այդ, վարչապետի խոսքով` վերջին 10 տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը ՀՀ նկատմամբ նույն ցուցանիշից միջինում երեք անգամ ավելի են եղել։