ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն այսօր ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում վերընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահի պաշտոնում։
Նրա թեկնածությանն աջակցել են ԱՊՀ բոլոր երկրների պատվիրակությունների ղեկավարները։ Միջոցառմանը 7 պատվիրակություն է մասնակցում Հայաստանից, Ռուսաստանից, Ադրվեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից և Տաջիկստանից։
Հայաստանից բացի, որը ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, բոլոր երկրները ներկայացնում են խորհրդարանների խոսնակները. ՌԴ–ն` Վալենտինա Մատվիենկոն, Ադրբեջանը` Սահիբա Ալի կըզի Գաֆարովան, Բելառուսը` Նատալյա Կոչանովան, Ղազախստանը` Մաուլեն Աշիմբաևը, Ուզբեկստանը` Տանզիլյա Նարբաևան, Տաջիկստանը` Ռուստամ Էմոմալին։ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը կավարտվի վաղը` նոյեմբերի 17-ին։
Հիշեցնենք` վերջին ամիսներին փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէին մասնակցել նաև ԱՊՀ գագաթնաժողովին, որը հոկտեմբերին կազմակերպվել էր Բիշքեկում, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերին չէր մասնակցել ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների մոսկովյան հանդիպմանը։