ՄԱԿ-ը չի մասնակցի Գազայի հատվածում «անվտանգության գոտիների» ստեղծմանը

Ցամաքային գործողություն
Համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ Գազայի հատվածում միակողմանիորեն «անվտանգության գոտիների» ստեղծման առաջարկները կարող են վնաս հասցնել քաղաքացիական բնակչությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի հումանիտար կառույցները չեն մասնակցի Գազայի հատվածի տարածքում «անվտանգության գոտիների» ստեղծմանը, եթե դրանք չհամաձայնեցվեն հակամարտության բոլոր կողմերի հետ և անվտանգ պայմաններ չապահովվեն հումանիտար ոլորտի մասնագետների համար: Այս մասին ասվում է կազմակերպության գործակալությունների ղեկավարների հայտարարության մեջ։
«Մենք չենք մասնակցի Գազայի հատվածում որևէ «անվտանգության գոտու» ստեղծմանը՝ առանց բոլոր կողմերի համաձայնության, և քանի դեռ չեն ստեղծվել անվտանգության ապահովման հիմնարար պայմաններ։...Եվ քանի դեռ չի լինի դրանց վերահսկման մեխանիզմ», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ստեղծված պայմաններում Գազայի հատվածում միակողմանիորեն «անվտանգության գոտիների» ստեղծման առաջարկները կարող են վնաս հասցնել քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ հանգեցնել զանգվածային մարդկային զոհերի։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։