ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Գուդաուրի - Կոբի ճանապարհի հատվածն այսօ որոշ ժամանակ փակ կլինի՝ վերանորոգման աշխատանքների պատճառով, տեղեկացնում են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի մամուլի ծառայությունից։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում իրականացվող ճանապարհային աշխատանքների պատճառով նոյեմբերի 16-ին, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ կցորդիչներով և կիսակցորդիչներով փոխադրամիջոցների երթևեկությունը փակ կլինի մինչև տեղական ժամանակով ժամը 19:00-ն:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը հայտարարել էր, որ նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ երթևեկությունը «Վերին Լարս» անցակետով կդժվարանա ճանապարհի վերանորոգման պատճառով: Իրականացվում են ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ Վրաստանից Ռուսաստանի տարածք մուտք գործելու կողմից:
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։