Կինը Ինգուշեթիայից Հայաստան է եկել՝ փախչելով բռնությունից․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ՀՀ քննչական կոմիտե
Կինը կապ է հաստատել Հայաստանում բռնության ենթարկվածների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության հետ, ապա տեղափոխվել Աշտարակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Մի կին Ինգուշեթիայից Հայաստան է եկել և չի ցանկանում հետ գնալ, քանի որ իր երկրում պարբերաբար բռնությունների է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը` նշելով, որ կինն այդ մասին ասել է իրավապահ մարմիններին։
Նոյեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել մի քաղաքացուց այն մասին, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, իր ընկերոջ եղբոր դուստր Ֆաթիմա Ահմադի Զուրաբովան Միներալնիե Վոդի-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան և մինչ օրս որևէ տեղեկություն չկա նրա մասին։
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նոյեմբերի 14-ին Ֆաթիմա Զուրաբովան հայտնաբերվել է, ապա ներկայացվել վարույթ իրականացնող մարմին:
«Նա հարցաքննվել է որպես վկա և ցուցմունք տվել ՌԴ Ինգուշեթիայի Հանրապետությունում պարբերաբար բռնությունների ենթարկվելու մասին: Նշել է, որ համացանցով փնտրել և գտել է Հայաստանում գործող մի կազմակերպություն, որը զբաղվում է ընտանիքում բռնությունների ենթարկվածներով: Կապ է հաստատել այդ կազմակերպության աշխատակցի հետ, որը նրա համար ինքնաթիռի տոմս է գնել, որից հետո Զուրաբովան նոյեմբերի 8-ին ժամանել է Հայաստան»,- գրել է Աբրահամյանը:
Հայաստանում կինը բնակություն է հաստատել Աշտարակ քաղաքում՝ կազմակերպության վարձակալած վայրում։ Ֆաթիման շեշտել է, որ ՀՀ-ում որևէ բռնության չի ենթարկվել, որևէ մեկն իրեն վնաս չի հասցրել: Նա նաև հայտնել է, որ տեղյակ է՝ հորեղբայրները ՀՀ-ում են, հանդիպել է նրանց և նշել է, որ չի ցանկանում վերադառնալ Ինգուշեթիա՝ սպառնալիքների պատճառով։
Ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն Ֆաթիմա Զուրաբովայի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։ Նա արգելանքի տակ չէ, քննչական բաժնում գտնվելու ընթացքում ընտանիքի անդամներից, հարազատներից որևէ մեկի հետ չի հանդիպել և շփում չի ունեցել։
Նախաքննությունը շարունակվում է:
Դայա՞կ, թե՞ մարմնավաճառ. ինչպես են խաբում երիտասարդ հայ աղջիկներին և թրաֆիքինգի ենթարկում