7 տոկոսով պաշտպանական բյուջեն է ավելացվում, 16 տոկոսով` ՆԳՆ–ինը. «Հայաստանը» դեմ կքվեարկի

Արթուր Խաչատրյանը Աժ–ում. Արխիվային լուսանկար
Արթուր Խաչատրյանը անդրադարձավ նաև գրանցված տնտեսական աճին և դրա հիմքերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանական բյուջեի ընդամենը 7 տոկոսանոց աճը բավարար չէ` մանավանդ հաշվի առնելով թշնամու ագրեսիվ հռետորաբանությունը։ ՀՀ Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի քննարկմանը ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Փոխարենը 16 տոկոսով ավելացվում է ՆԳՆ բյուջեն։ Փաստորեն, ՀՀ կառավարության համար սպառնալիք են ոչ թե Ադրբեջանն ու Թուրքիան, այլ ՀՀ քաղաքացիները»,– ընդգծեց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա, ըստ նրա` 2023 թ. արձանագրված ու 2024 թ. սպասվող տնտեսական բարձր աճը պայմանավորված են ոչ թե ՀՀ կառավարության ակտիվ գործունեությամբ, այլ ռուս–ուկրաինական պատերազմի տնտեսական հետևանքներով։ Մասնավորապես, ընդդիմադիր պատգամավորի խոսքով` դրան նպաստել են վերաարտահանման շնորհիվ ապրանքաշրջանառության աճը, դրամական և ուղևորահոսքերի հոսքերի տրանզիտը։
«Օրինակ` 2023 թ. ՀՆԱ–ին աճին նպաստել են ավտոմոբիլների ու մոտոցիկլետների աճը երկրում։ Այս տարվա առաջին 9 ամսում այս ճյուղն աճել է 58.4 տոկոսով։ ՀՀ–ն դարձել է ավտոմոբիլային տրանզիտի երկիր»,– նկատեց Խաչատրյանը։
Անդրադառնալով աշխատաշուկային` նա նշեց, որ առաջին եռամսյակում 26 հազար ՀՀ քաղաքացի է լքել երկիրը, նրանց փոխարեն ՀՀ աշխատաշուկան զբաղեցնում են հնդիկներն ու պակիստանցիները։
Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին։