ՀՀ ԱԽ քարտուղարը Կանադայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Արմեն Գրիգորյանը հույս է հայտնել, որ հայ–կանադական երկկողմ բազմաոլորտ հարաբերությունները կզարգանան նոր ինտենսիվությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայկական կողմը բարձր է գնահատում կանադական կողմի պատրաստակամությունը` ներգրավվածություն ունենալ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության մեջ: Այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀՀ–ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրների հետ հանդիպմանը: Տեղեկությունը «ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է Գրիգորյանը։
«Շնորհավորել եմ դեսպանին Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացման կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ–կանադական երկկողմ բազմաոլորտ հարաբերությունները կզարգանան նոր ինտենսիվությամբ»,– գրել է ՀՀ ԱԽ քարտուղարը:
Կանադայի դեսպանի հետ Գրիգորյանը քննարկել է նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25–ին Երևանում կայացավ Կանադայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը։