2024 թվականին Ղազախստանում և Ղրղզստանում ՀԱՊԿ զորավարժություններ կանցկացվեն։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի հարթակի միացմամբ Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամրջի ընթացքում հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
«ՀԱՊԿ հաջորդ զորավարժությունները կլինեն 2024 թվականին: Արդեն հաստատվել է Հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների, ուժերի և միջոցների համատեղ պատրաստման պլանը: Ստորագրվել է պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների կողմից»,-ասել է Սիդորովը։
Նրա խոսքով՝ 2024 թվականի ծրագրում շեշտը դրված է Հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վրա։
Մասնավորապես, Ղրղզստանում նախատեսված են զորավարժություններ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի, Ղազախստանում՝ խաղաղապահ ուժերի հետ:
«Ժամկետների կամ հրաձգարանների մասին դեռ վաղ է խոսել։ Խորհրդակցությունները կսկսվեն արդեն այս տարվա դեկտեմբերին»,-նշել է Սիդորովը։
Հիշեցնենք, որ Հայաստանը հրաժարվել էր այս տարվա հոկտեմբերի 9-13-ը Ղրղզստանում կայացած ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն» զորավարժություններին մասնակցելուց: