ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայկական պատվիրակությունը Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ է Բիշքեկ մեկնել ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին մասնակցելու համար։
Միջոցառմանը մասնակցում են յոթ երկրի պատվիրակություններ` Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան և Տաջիկստան: Բոլոր երկրները, բացի Հայաստանից, ներկայացնում են խորհրդարանի նախագահները` Ռուսաստանը` Վալենտինա Մատվիենկոն, Ադրբեջանը` Սահիբ Գաֆարովան, Բելառուսը` Նատալյա Կոչանովան, Ղազախստանը` Մաուլեն Աշիմբաևը, Ուզբեկստանը`Տանզիլա Նարբաևան, Տաջիկստանը` Ռուստամ Էմոմալին։
ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովը կավարտվի վաղը՝ նոյեմբերի 17-ին։
Հիշեցնենք` վերջին ամիսներին փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէին մասնակցել նաև ԱՊՀ գագաթնաժողովին, որը հոկտեմբերին կազմակերպվել էր Բիշքեկում, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերին չէր մասնակցել ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների մոսկովյան հանդիպմանը։