«Հայկական խաչմերուկը» թշնամու կողմից պարտադրված ծրագիր է. Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանը
Ընդդիմադիր պատգամավորն ԱԺ–ում խոսեց «Հայկական խաչմերուկ» նախագծից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. «Հայկական խաչմերուկ» նախագծի ներքո տնտեսական որևէ նպատակահարմարություն չկա։ ՀՀ Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի քննարկմանը խմբակցության անունից ելույթ ունենալով` ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` այդ հարցով պարզաբանմանը։
«Դա թշնամու կողմից պարտադրված ծրագիր է` որպես սեփական նախաձեռնություն ներկայացնելու նուրբ արվեստի դրսևորում»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ 2023 թ. հոկտեմբերի 17–ին Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ ՀՀ–ն պատրաստ է վերականգնելու Մեղրիի երկաթուղին, որը Հայաստանի հարավով կկապի ոչ միայն ՀՀ–ն և Ադրբեջանը, այլև ՀՀ-ի հարավային շրջանները հյուսիս–արևմտյան շրջանների հետ։ Նրա խոսքով` ՀՀ–ում այս նախագիծն անվանում են «հայկական խաչմերուկ»։