Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

Արարատ Միրզոյանի և Հաջա Լահբիբի հանդիպումը Բրյուսելում
Գործընկերները խոսել են Երևանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանության բացման մասին, անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի և Բելգիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Հաջա Լահբիբը Բրյուսելում քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող վերջին զարգացումները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանը Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համատեքստում կարևորել է Գրանադայում ընդունված հայտարարության սկզբունքներին միջազգային գործընկերների աջակցության կարևորությունը: Նա ներկայացրել է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով ծրագրի կողմից նախանշվող հնարավորությունները տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրների համար: Ընդգծվել է ՀՀ շահագրգռվածությունը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում։
Միրզոյանը հիշեցրել ՀՀ դիրքորոշումը՝ դա պետք է արվի ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով:
Նախարարը բելգիացի գործընկերոջ հետ զրույցում խոսել է նաև ԼՂ-ում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային կառույցների ներգրավվածության կարևորության մասին:
Պաշտոնյաներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների, ՀՀ-ԵՄ գործընկերության ընդյալնմանն առնչվող հարցերին, ընթացիկ ծրագրերին։
«Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, Երևանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանության բացման առնչությամբ և մտքեր փոխանակել առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, մարդկանց միջև շփումների և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Երկու երկրների արտգործնախարարները դրական են գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Հիշեցնենք` Միրզոյանը Բելգիա է մեկնել նոյեմբերի 15-ին։ Նույն օրը նա հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ: