Ֆրանսիան մտահոգված է Երուսաղեմի հայկական թաղամասում տիրող լարված իրավիճակով

ՀՀ եռագույնը Երուսաղեմում
Ֆրանսիան հանդես է եկել տեղի բնակիչների վրա ճնշումներն անհապաղ դադարեցնելու օգտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիան խորը մտահոգությամբ հետևում է Հին քաղաքի հայկական թաղամասում առկա լարված իրավիճակին։ Այս մասին հայտնում է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը։
Նոյեմբերի 15-ին այդ թաղամասում հերթական բախումն է տեղի ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների և ոստիկանության միջև։ Ոստիկանությունը չորս հայի է ձերբակալել, այդ թվում՝ մեկ անչափահասի։ Նրանց ազատ են արձակել կեսգիշերն անց։
«Ֆրանսիան խորը մտահոգությամբ հետևում է Հին քաղաքի հայկական թաղամասում պահպանվող լարվածությանը, որտեղ իսրայելցիները ճնշում են գործադրում բնակիչների վրա», – ասվում է X սոցցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը անձամբ է ստորագրել համաձայնագիրն այն մասին, որ «Կովերի պարտեզ» հողատարածքը 99 տարի ժամկետով վարձակալությամբ փոխանցվում է գործարար Դենիել Ռուբինշտեյնին հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը չէր դադարում այդ գործարքի դեմ բողոքի ցույցեր կազմակերպել Երուսաղեմում։
Նոյեմբերի 1-ին պատրիարքությունը նամակ է ուղարկել «Xana Gardens Ltd» ընկերությանը տեղեկացնելով, որ չեղարկում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021 թվականի հուլիսի 8-ին կնքած համաձայնագիրը։ Այդ ժամանակվանից հայ համայնքի և ընկերության ներկայացուցիչների միջև առաջացած կոնֆլիկտը չի դադարում։
Երուսաղեմի «Կովերի պարտեզում» իրավիճակը թեժացել է. կողմերին հաջողվել է համաձայնության գալ
Բուն տարածքը, ինչպես նաև այնտեղ գտնվող գիմնազիան և սեմինարիան մեկ ամբողջություն են։ Համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ տարածքի նկատմամբ վերահսկողության կորուստը բացասաբար կանդրադառնա հայկական թաղամասի կյանքի վրա և այն խոցելի կդարձնի։