ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին մի քանի անցակետ կփակի, բայց ոչ բոլորը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երկրի խոշորագույն Helsingin Sanomat թերթին։
Ակնկալվում էր, որ այսօր Ֆինլանդիայի կառավարությունը կհայտարարի ՌԴ սահմանին բոլոր սահմանային անցակետերի փակման մասին կամ միայն առանձին անցակետերի։
«Ֆինլանդիան արևելյան սահմանին մի քանի անցակետ է փակում, բայց ոչ բոլորը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆինլանդիայի սահմանապահների տվյալներով` իրավիճակը ֆիննա–ռուսական սահմանի հարավ–արևելքում, երեք խոշոր անցակետերում, որոնք սահմանակից են ՌԴ Լենինգրադի մարզի հետ, փոխվել է նոյեմբերի սկզբից, երբ Ռուսաստանից զանգվածային կերպով սկսեցին ժամանել Իրաքի, Եմենի, Սիրիայի և այլ երկրների քաղաքացիներ և ապաստան հայցել։
Ֆիննական մամուլը ենթադրում է, որ կառավարությունը կհայտարարի միայն «խնդրահարույց» անցակետերը փակելու որոշման մասին։