ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Եվրոպական միությունը լիովին հավատարիմ է և աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների անհապաղ վերսկսմանը և, որպես արդյունք, խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այս հայտարարությունը տարածվել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից։
Նշվում է, որ Եվրամիությունը դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը, որի հետևանքով Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայեր ստիպված են եղել արտագաղթել։
Ընդգծվում է, որ ԵՄ-ի առաջնահերթությունն է մարդասիրական անխոչընդոտ աջակցության տրամադրումը Լեռնային Ղարաբաղում մնացած և Հայաստան տեղափոխված մարդկանց:
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում՝ տեղահանվածների վերադարձի իրավունքը, և թույլ տալ տեղում իրավիճակի շարունակական անկախ մշտադիտարկում իրականացնել՝ ի լրումն ՄԱԿ-ի առաքելությունների այցելությունների:
«ԵՄ-ն կրկնապատկել է մարդասիրական օգնության փաթեթը՝ հասցնելով այն 10,45 միլիոն եվրոյի, ինչպես նաև Հայաստանի խնդրանքով ակտիվացրել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը»,–նշված է հայտարարության մեջ:
Բացի այդ, Հայաստանին 15 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրվի՝ հասցեագրելու սոցիալ-տնտեսական կարիքները, սննդամթերքի ու վառելիքի ֆինանսավորման հարցերը:
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։