Էլեկտրաէներգիա չլինելու պատճառով Գազայում անջատված են հեռահաղորդակցության միջոցները

Արխիվային լուսանկար
Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակումը շարունակվում է։ Հակամարտության զոհերի թիվն օրեցօր ավելանում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Գազայի հատվածում հեռահաղորդակցության բոլոր միջոցներն անհասանելի են դարձել էներգառեսուրսների բացակայության պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Paltel հեռահաղորդակցության պաղեստինյան ընկերությանը։
«Ցավով տեղեկացնում ենք, որ Գազայի հատվածում դադարել են գործել հեռահաղորդակցական բոլոր ծառայությունները, քանի որ սպառվել են ցանցին աջակցող էներգիայի բոլոր աղբյուրները, և արգելված է վառելիքի ներմուծումը», - նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։