ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ գեղարվեստական, վավերագրական և հեռուստատեսային ֆիլմերի մեծանուն ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Արտավազդ Փելեշյանի նոր` «Հուշեր» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է վարպետի մոր հիշատակին։ Օրվա առթիվ Փելեշյանին շնորհավորելու էին եկել արվեստագետներ, կինոգետներ, վարպետի արվեստը գնահատող մի քանի տասնյակ մարդիկ։ Հրավիրվածների մեջ էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Սա շատ սպասված իրադարձություն է։ Չեմ չափազանցնի եթե ասեմ, որ այս օրվա սպասել ենք ավելի քան կես տարի...Այս օրերին շատ կարևոր է, որպեսզի մենք խոսենք արվեստից, արժևորենք այն, ինչ ունենք և դրա միջոցով ուժ ստանանք հաղթահարելու այն բոլոր մարտահրավերները որ կան»,–ասաց Անդրեասյանը։
Նա նշեց, որ քննարկվել է Փելեշյանի անվան կինոդպրոցի բացման հնարավորությունը։ Նախարարը կարծում է, որ առաջիկայում նման հնարավորություններ կստեղծվեն, որպեսզի կինոաշխարհում իրենց ապագան տեսնող ուսանողները կարողանան սովորել վարպետից։
«Հուշեր» գրքի շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցավ նաև վարպետ Փելեշյանը։ Նա ներկաներին ուրախացրեց իր կյանքի հիշարժան դրվագներից մեկով։
«Շատ տարիներ առաջ ես ապրում էի «Արմենիա» հյուրանոցում։ Մի երեկո զանգ պատվիրեցի Կիև` Փարաջանովի տան համարով։ Միացրին։ Ավելի քան մեկ ժամ խոսեցինք շատ թեմաներից, մինչև անգամ բամբասեցինք ստուդիայի ղեկավարությունից։ Հեռախոսը ցած դրեցի ու անմիջապես զանգահարեց փոստի աշխատողը , ասեց, որ մեկ ժամ ու քանի րոպե խոսել ենք, հետո ավելացրեց, որ վճար չի վերցնելու։ Երբ հարցրի, թե ինչու, ասաց` «այդպիսի հետաքրքիր զրույց ես կյանքումս չէի լսել»»,–վերհիշեց Փելեշյանը։
Արտավազդ Փելեշյան
© Sputnik / Aram Nersesyan
Նրա խոսքով` այդ կինը եկել է հյուրանոց անձամբ ծանոթանալու իր հետ։ Առաջարկել է Փելեշյանին իրեն տրամադրել իր ունեցած բոլոր արտասահմանյան հեռախոսահամարներն ու խոստացել անվճար զանգեր` հաճելի զրույցներ լսելու ակնկալիքով։ Ինչպես իր բոլոր գործերում, Փելեշյանը մեծ տեղ է տալիս լռությանը։
«Դու ֆիլմեր արա ու լռիր». գրքի կազմի վրա հիշեցնում է Փելեշյանը։
Շնորհանդեսի ավարտին 85-ամյա Փելեշյանն իր մոր հիշատակին նվիրված «Հուշեր» գիրքը ստորագրեց երկրպագուների և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի համար։