Արցախի հարցն ավարտվա՞ծ է. Ալեն Սիմոնյանը` ՀՀ իշխանության անելիքների մասին

ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով` Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում զարգացնելը ուղիղ սպառնալիք է պետականության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում պահպանելու և զարգացնելու նպատակ չի տեսնում։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով նկատառմանը` Արցախի հարցն ավարտված համարո՞ւմ է, թե՞ ոչ։
«Ի՞նչ է նշանակում` Արցախի հարցը վերջացել է։ Մենք ունենք արցախահայության մեծ խնդիր։ Այնտեղ պետականություն ստեղծելու կամ այստեղ պետական ինստիտուտներ պահելու և զարգացնելու նպատակ չեմ տեսնում։ Համարում եմ, որ դա Հայաստանի անվտանգությանն ուղիղ սպառնալիք է և հարված»,– ասաց ԱԺ նախագահը։
Նա կոչ արեց բոլոր գործընկերներին նույն տրամաբանությամբ շարժվել։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։