ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ընդունել է առանց Իսրայելի և Ուկրաինայի օգնության երկրի դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորումը շարունակելու ծրագիրը, որը նոյեմբերի 14-ին հաստատել է ներկայացուցիչների պալատը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախաձեռնությանն աջակցել է 87 սենատոր, 11-ը դեմ են արտահայտվել։
Հիմա դաշնային կառավարության ֆինանսավորումը ժամանակավորապես շարունակելու մասին օրինագիծը ուղարկվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, սպասվում է, որ նա կստորագրի այն: Նախաձեռնությամբ նախատեսվում է մինչև 2024 թվականի հունվարի 19-ը շարունակել կառավարության որոշ ծրագրերի և գերատեսչությունների ֆինանսավորումը, որոնք զբաղվում են գյուղատնտեսության, էներգետիկայի, ռազմական շինարարության, տրանսպորտի և բնակարանային հարցերով: Այլ գերատեսչությունների և ծրագրերի ֆինանսավորումը առաջարկվում է երկարաձգել մինչև 2024 թվականի փետրվարի 2-ը:
Օրինագիծը չի նախատեսում ֆինանսավորում հատկացնել Իսրայելին և Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու համար։ Բայդենը, որն այս պահին Սան Ֆրանցիսկոյում մասնակցում է Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին (Կալիֆոռնիայի նահանգ), փաստաթուղթը պետք է ստորագրի մինչև նոյեմբերի 18-ը: